четверг, 24 января 2013 г.

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ. "ՔԱՐՏԵՐ"


-Հիմա կքննարկենք D կարգի վտանգի պոտենցիալ ունեցող վամպիրի մասնակցությամբ իրավիճակ,-ասաց պրոֆեսորն ու ծափ տվեց: Ես փորձել եմ ֆիքսել նրա մեծ ափերի բախման պահը` հասկանալու համար այն ահռելի ուժը, որ կրում են իրենց մեջ պրոֆեսորի ձեռքերը, բայց ապարդյուն: Մինչ ես ֆիքսել էի ձեռքերի մինիմալ հեռավորությունն իրարից, աչքերիս առջև բացվեց բոլորովին այլ տեսարան: Ամենայն հավանականությամբ դա մեքենաների կայանատեղի էր, ինչ-որ մեծ շենքի հետնամասում: Ես կարծես նայում էի անվտանգության համակարգի թաքնված տեսախցիկներից, սակայն  ասֆալտի հոտը, թեթև քամին, հստակ լսվող ձայները ստեղծում էին լիարժեք ներկայության զգացում: Կայանատեղին գրեթե լիքն էր: Հիմնականում փոքր ծավալի թեթև բեռնատարներ էին, կային մի քանի պիկապներ ու ևս մի քանի մարդատար սեդաններ: Վերջիններիս պայծառ գույները կտրուկ առանձնանում էին մյուսների միապաղաղ սպիտակից: Բեռնատարներից մեկի հետևից լսվում էին ձայներ: Ես ականջ դրեցի: Կարծես զգալով հետաքրքրությունս` պրոֆեսորն իմ դիտարկման անկյունը շուռ տվեց այնպես, որպեսզի ես տեսնեմ զրույցի մասնակիցներին:
-Էս փլեյերն արժի հենց տաս հազար դրամ, ամբողջովին նորը, իսկ ձեր տվածն օգտագործված է,-ասում էր ակնոցներով ու սպիտակ խալաթով մեկը: Ես ենթադրեցի, որ հավանաբար այդ մեծ շենքը հիվանդանոց է:
-Ի՞նչն ա օգտագործված, ինչը՞, չէ դու հլը սրան նայի է, ասում ա` աօգտագործված ա....քսան հազար դրամ տու՜ր, ես գնամ, ապեր, մի կեր նեռվերս:
Խոսացողին ես կճանաչեի նույնիսկ ամենահոծ ամբոխի մեջ, վամպիրների հայացքը երբեք ոչ մի բանի հետ չես  խառնի: Նա հագած էր սև կաշվե բաճկոն: Գլուխն ամբողջովին սափրած էր:
-Ինչու՞ պետք է ես առնեմ ձեզանից այդ փլեյերը, ինչու՞,-ասում էր բժիշկը:
-Քեզ ով ա ասում «ա՜ռ», ես քեզ առաջարկում եմ, իսկ դու վիրավորում ես ինձ, ես էլ ասում եմ` առ, եթե ուզում ես, որ էս պատմությունը քո համար լավ վերջանա,-ասում էր վամպիրը:
-Բայց ինձ պետք չէ փլեյեր...
-Տո դու ի՞նչ գիտես` քեզ ինչ ա պետք,-շարունակում էր վամպիրը,-դու ավելի լավ է ինձ մի նեռվայնացրու, տուր քսան հազար դրամ ու վերցրու փլեյերը...
-Ախր..
-Դու աչքիս չես ուզում, որ էս պատմությունը քո համար լավ վերջանա,-ասաց վամպիրն ու քշտեց բաճկոնի թևքերը: Բժիշկի նյարդերը չդիմացան: Հիստերիկա: Պատահում է գրեթե բոլոր մարդկանց հետ` նմանատիպ արարածի հետ հանդիպելիս: Բժիշկի մոտ, սակայն, հիստերիան սկսվեց շատ անսպասելի և բուռն: Այդպիսի դեպքերում շատերը լցվում են ագրեսիայով և հարձակվում են վամպիրի վրա, բայց այս մեկը երևում էր շատ փորձառու, քանի որ հենց սկզբից չէր դադարում ճնշել զոհին, ինչի հետևանքով բժիշկն ընկավ գետնին ու սկսեց լացել.
-Ախր ոնց ես քո հետ կապվեցի, ախր էշ խելքս ասա...
-Բա, ապերիկ, բա,-ասաց վամպիրը,-ավելի լավ չի՞ տաս ինձ էդ փողն ու ես գնամ, քանի շուտ ա, դու էլ փլեյեր կունենաս:
Բժիշկի արցունքները չէին դադարում: Հավանաբար վամպիրը սկսել էր իր ճնշումը մի քանի ժամ առաջ կամ գուցե շարունակում էր մի քանի օր տևած աստիճանավոր հարձակումը: Բժիշկն այևս չուներ ուժեր, ճիշտ կլիներ ասել, որ նա կոտրվել էր: Նա հանեց դրամապանակն ու պարզեց վամպիրին երկու տասհազարանոցները: Ես նկատեցի, որ դրամապանակը դատարկվեց ամբողջությամբ:
-Այ ապրես,-ծիծաղեց վամպիրն ու գրպանը դրեց փողերը,-էս էլ քո փլեյերը:
Նվագարկիչը նա նետեց բժիշկի վրա:
-Մինչ հանդիպում,-ասաց նա հեռանալով, և ես տեսա զոհի աչքերում առաջացած տագնապը:
Հնչեց պրոֆեսորի ծափը: Բոլորս հետ եկանք լսարան:
-Եվ ուրեմն,-ասաց նա` դիմելով լսաարանին,-որո՞նք կլինեն ձեր քայլերը, եթե ձեր մոգական ազդեցության տարածքում կատարվի նմանատիպ միջադեպ:
Լսարանը լուռ էր: Բոլորը ուշքի էին գալիս մենտալ տելեպորտացիայից հետո: Մի քանի վայրկյան ոչ ոք չխոսեց, իսկ հետո բոլորը միանգամից սկսեցին հայտնել իրենց կարծիքները:
-Առաջին օգնություն տրամադրել զոհին,-ասաց Կառլենը:
-Զրկել վամպիրին զբոսանքների իրավունքից,-ասաց Իրինան:
-Ստիպել չեղյալ համարել գործարքը,-ասաց Տիգրանը:
-Հնարավոր է՞, որ փլեյերի մեջ լինի թուղթ ու գիր,-հարցրեց կողքս նստած վհուկ Սոնան:
Ես ուզում էի ասել, որ պետք կլինի ստիպել վամպիրին վերադարձնել խլած էներգիան, բայց այդպես էլ չորոշեցի հայտնել կարծիքս, քանի որ գլուխս ցավում էր երեկվա շշից, որը խմել էինք ես և Քաջիկը: Ու ես լավ գիտեի, թե ինչ է նշանակում հետ վերցնել վամպիրից նրա «հալալ քրտինքով խլած»  էներգիան:
Լսարանի դուռը ծեծեցին: Ներս մտավ Ամիրա Շանթյանը` Հերթապահ բաժանմունքի պետն ու դիմեց ինձ:
-Հարգարժան ընկեր մոգ պարոն Կասյան, հետևե՜ք ինձ հետևից:
Ես մի կերպ զսպեցի ծիծաղս: Ինչ-ինչ, բայց հերթապարների պաշտոնն ինչքան բարձր է լինում, այնքան անհեթեթ են լինում նրանց խոսքերը: Ես հետևեցի Ամիրայի հետևից: Նրա սև սքեմը ծածկում էր նրան ոտից մինչև գլուխ` թաքցնելով նույնիսկ դեմքը: Նա ասես սահում էր, այլ ոչ թե քայլում: Մենք միասին անցանք նեղ ու երկար միջանցքով, որը տանում էր լսարանից դեպի վերելակ: Սկսվեցին վերելակի սպասման այն անհարմար րոպեները, երբ դեռ շուտ է սկսել զրույցը, բայց ծայրահեղ անհարմար է շարունակել լռությունը: Ես սկսեցի հազալ, որպեսզի մասամբ կոմպենսացնեմ ստեղծված անհարմարությունը: Վերջապես եկավ վերելակն ու ես զիջեցի Ամիրային առաջինը մտնելու պատիվը: Նա զգացվեց ու գլխով շնորհակալություն հայտնեց: Սև սքեմի տակ նկատվեց նրա ձեռքը, որ փորձեց քորել մեջքը: Տեսնելով, որ ես հետևում եմ նրա շարժումներին Ամիրան իջացրեց ձեռքն ու ասաց մի քիչ շփոթված ձայնով.
-Շատ լավն են այս  վերելակների հայտնագործությունները, շատ պետքական են:
-Իրոք թեթևացնում են մարդկանց կյանքը:
-Սակայն ես իմանալով գիտեմ, որ դուք երեկ քաղաքացի Նադեժդա Յերանոսովայի տուն գնալիս ճանապարհին օգտագործել եք որպես օգուտ մոգական լեվիտացիա` տասներեքերորդ հարկ բարձրանալու համար: Ես դա իմանալով գիտեմ:
-Օ...,-ես չկողմնորոշվեցի թե ինչ պատասխանեմ: Ինչու՞ էր ինձ հետևում Ամիրա Շանթյանը: Որոշեցի հարցնել: Հարցրեցի.
-Հարգարժան Ամիրա Շանթյան, դուք ինձ հետևե՞լ եք:
Վերելակի դռները բացվեցին: Մենք դուրս եկանք սովորական նեղ ու երկար միջանցք, որը գտնվում էր եսիմորերոդ հարկում: Հերթապահության հարկը մնում էր անհայտ, քանի որ հերթապահները չէին սեղմում հարկի կոճակները, այլ վերելակն ինքն էր տանում նրանց անհրաժեշտ հարկը:
-Հերթապահները սովորաբար ընդհանրապես հաճախ հետևում են բոլորին ու միշտ, բայց մենք ձեզ չէ, որ հետևում էինք փնտրելով:
-Փնտրելո՞վ:
-Փնտրելով,-ասաց նա քթի տակ ու բացեց իմ առջև իր աշխատասենյակի դուռը:
Սենյակն այնպիսինն էր, ինչպիսին ես պատկերացնում էի հերթապահների սենյակները: Այն գրեթե ամբողջովին դատարկ էր: Պատերը, հատակն ու առաստաղը սպիտակ էին: Մեջտեղում դրված էր սև սեղանը, երկու աթոռներով, բայց ոչ մի սարք, որով նրանց  մոտ «երևում էին» քաղաքում գրանցվող մոգական ակտիվությունները, չկային: Թերևս   Հերթապահության ղեկավարը չէր զբաղվում քաղաքը նայելով: Դրանով զբաղվում էին միայն շարքային հերթապահները: Ամիրա Շանթյանը նշան արեց ինձ նստելու: Ես նստեցի սև սեղանի դիմաց, նա ոտքով իրեն հարմարեցրեց աթոռն ու նստեց իմ առջև:
-Երեկ, անցած օրը դու ձեռք ես բերել քարտեր, որոնք վերցրել ես քաղաքացու մոտից:
-Այո,-ասացի ես:
-Այդ քարտերը ներկայացնում են իրենցից վտանգավոր վտանգ, որը պետք է հեռու պահվի քաղաքացիներից,-ասաց նա:
-Այդ պատճառով էլ ես վերցրել եմ դրանք ինձ մոտ:
-Լավ ես արել, ես դա գովում եմ,-ասաց նա սև սքեմի տակից,-դրանք մեզ պետք են:
-Ու՞մ ձեզ:
Նա լռեց: Լռությունն ինձ թվաց թույլության նշան և ես հարցրեցի:
-Ես չեմ ունեցել առիթ զրուցելու հերթապահների հետ դեմ առ դեմ, ու քանի կա այդպիսի առիթ, ես կուզենայի հարցնել, թե ո՞վ եք դուք..ի՞նչ արարածներ եք: Մոգե՞ր, վամպիրնե՞ր, միգուցե վերվուլֆնե՞ր, կամ չարքե՞ր:
-Մենք հերթապահներ ենք ու մենք հերթապահում ենք,-ասաց նա` առանց ձայնի տոնը փոխելու:
-Ուրեմն դուք մարդի՞կ եք:
-Մենք օգնում ենք Ինստիտուտին հերթապահելով մեր հերթապահությունները,-ասաց նա ու ես որսացի թեթև նյարդայնության պես մի բան:
-Պարզ է ,-ասացի ես, չնայած, ոչ մի բան էլ պարզ չէր: Ես արդեն մի քանի տարի սովորում էի Ինստիտուտում, շփվել էի ամենաբազմազան էակների հետ, բայց հերթապահները միշտ գաղտնիք էին մնում ինձ համար` իրենց մանկամիտ հիմարությամբ և գրեթե կատարյալ ամենատեսությամբ:
-Վաղը բեր քարտերն այստեղ,-ասաց նա:
-Լավ,-պատասխանեցի ես: Ամիրան դրական շարժեց գլուխը սև սքեմի տակ: Ես վեր կացա և քայլեցի դեպի դուռը: Բայց մի բան անցավ մտքովս, շատ հանդուգն մի բան:
-Ու քանի մենք դեռ երկուսով ենք, կարող եմ ես տեսնել ձեր դեմքը՞,-հարցրեցի ես շրջվելով ու ապշեցի: Սենյակում ոչ ոք չկար:


Օրվա երկրորդ կեսն անցավ խելահեղ պարապմունքների մեջ: Մենք սովորում էինք տելեկինեզի ավելի ու ավելի բազմազան ձևեր, շարժում էինք տարբեր մասշտաբի առարկաներ, իսկ այդ գործում ավելի առաջադիմած Իրինան նույնիսկ կարողացավ շարժել ուղիղ եթերով լուրերի թողարկում վարող լրագրողի սեղանին դրված բաժակը: Ես նրա օրինակով միացրեցի լսարանում գտնվող հեռուստացույցը ուղիղ եթերով ընթացող թոկ շոուներից մեկի վրա ու հաջողացրեցի խափանել հաղորդավարի բարձրախոսի աշխատանքը: Մի քանի անգամ անընդմեջ: Պրոֆեսորը, թեև այդպիսի արարքը քննադատեց, բայց գովաց մեր համառությունը: Միայն դասերի ավարտից հետո ես հասկացա, որ այդպիսի «օյիններից»  նորից սկսվել է գլխացավս: Այն դեռ չէր անցել այն սահմանը, երբ ես սկսում եմ կորցնել ինքնատիրապետումս, բայց սեղմում էր գանգս անդադար` սպառնալով կոտրել ընկույզի նման: Տուն գալուց հետո անմիջապես ընդունեցի մի քանի հաբեր, ինչպես միշտ ապարդյուն: Բուժիչ շշուկներս էլ զգալի արդյունք չտվեցին: Ցավից շեղվելու համար որոշեցի վերցնել քարտերն ու մի լավ զննել դրանք` մինչև հերթապահներին հանձնելը: Երեկ երեկոյան ես դրել էի դրանք իմ սենյակում` գրապահարանի մեջ: Ես նայեցի այնտեղ: Չկային: Աչքի ծայրով նկատեցի պատերին տեղ-տեղ մնացած բորբոսին: Պետք կլինի դրանք մի օր ամբողջությամբ մաքրել: Նայեցի խոհանոցում: Նայեցի հյուրասենյակում: Քարտերը չկային: Գլխացավս մի քանի րոպեների ընթացքում անտանելի դարձավ: Ես թողեցի որոնումներն ու բարձրացա հարևան Քաջիկ Ոսկեվազի մոտ` գլուխս անտանելի ցավից փրկելու:


ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈԳԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ "ԲՈՐԲՈՍ"


Պատերս բորբոսնել էին: Սովորական քաղաքացիների համար դա կարող է ունենալ մահացու հետևանք կամ առհասարակ չունենալ հետևանք: Մոգի համար դա նշանակում է մի բան` դեպրեսիա: Եթե երբևէ կարդացել եք մոգության հետ կապված գրականություն, ապա կհիշեք, որ բորբոսները, փոշին, չօգտագործվող սարդոստայները և մի շարք այլ կենցաղային անհարմարություններ հանդիսանում են էմոցիոնալ էներգիայի լուրջ կրիչներ: Այդ պատճառով է ողջ տունս պատվում է սարդոստայնով ուրախ խրախճանքից կամ վայրենի աղջկա հետ անցկացրած թեժ գիշերից հետո: Իսկ այդպիսի գիշերների շարանից հետո ինձ համար սովորական են դառնում բորբոսնած պատերը…Ոչ մի բան այդպես լավ չի պատկերում իմ խորագույն վիշտը, քան բորբոսնած պատերս: Բորբոսները բացասական էներգետիկ դաշտ ունեցող մակերեսներ են: Հաճախ էլ օգտագործվում են տարբեր տեսակի սև ծեսերի ընթացքում: Իսկ դրանց ամենազզվելի առանձնահատկությունը` ստաբիլ ընկճվածություն առաջացնելն է: Չես կարող գտնել հանգիստդ և լիարժեք բեռնաթափվել հոգսերից ու “դարդերից”, եթե տանդ պատերը բորբոսնած են: Սովորական քաղաքացիներից ոմանք խիստ զգայուն են բորբոսների հանդեպ: Նրանք սովորաբար սկսում են հիվանդանալ, հյուծվել, իսկ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող են նաև մահանալ: Իրականում խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ մեր ինստիտուտը հետևում է բորբոսի քաղաքային մակարդակին, իսկ քաղաքացիների մեծամասնությունն այնուամենայնիվ անտարբեր է էմոցիոնալ այդպիսի գերնուրբ գրգռիչների հանդեպ: Երբեմն ես նրանց նախանձում եմ:
Այդ երեկո զբաղված էի պատերս մաքրելով: Ասեմ ձեզ, դա բավական տաղտկալի զբաղմունք է, ուստի եթե լսում եք մոգերի կողմից կատարվող տարբեր տեսակի հրաշքների, action-ների ու հերոսությունների մասին, իմացեք նաև, որ այդ մոգերը ստիպված են լինում սրբել իրենց բնակարանների պատերը ամեն քիչ թե շատ նշանակալից հուզական ապրումնից հետո: Ես անդադար մրմնջում էի պաշտպանիչ քառյակներ, շշնջում էի խավարի կապերը քանդող և բացող անեծքներ ու հին լաթի կտորով սրբում էի բորբոսնած պատերը, երբ զանգեց հեռախոսը: Առանց նրա վրա նայելու ես զգացի, որ զանգն Ինստիտուտի կենտրոնից է: Վերցրեցի:
-Դու այդտեղ նորմա՞լ ես,-հարցրեց հերթապահ  Դանիելյանի ձայնը:
-Ահա,-ասացի ես` դադարեցնելով շշուկներս:
-Իսկ մեզ մոտ ցույց է տալիս, որ դու պարանորմալ ես: Քո շենքի տարածքում մոգական ակտիվության գործակիցը բարձր է նորմայից քսանութ անգամ:
-Մաքրություն եմ անում,-բացատրեցի ես` զարմանալով հերթապահի կատարած բառախաղի վրա:
-Շատ ես կեղտոտել աչքիս,- ասաց Դանիելյանը,-բայց եռանդդ գովում եմ, այն մեզ այս գիշեր պետք կգա…
-Ա՞…,-հերթապահի անսովոր սրամտությունն ինձ հաճելիորեն զարմացնում էր:
-Քո տնից երկու թաղամաս հեռու կատարվում է իսկական գժություն: Մեզ մոտ ցույց է տալիս, որ վտանգի տակ է գտնվում քաղաքացու կյանք: Ըստ որոշ…ըըը…ըստ որոշ պատկերների` տարածքում կա վամպիր կամ վամպիրներ:
-Շնորհակալ եմ, Դան, դու ճիշտ ընտրություն ես արել, ինձ ես զանգել, դու կեցցես,-ասացի ես` հույս ունենալով, որ արտասովոր սրամիտ Դանիելյանը կհասկանա հեգնանքս: Սխալվեցի:
-Ես փորձում եմ օգտակար լինել…դե՞: Գրանցե՞մ քեզ:
-Գրանցիր, գրողը քեզ տանի:


Հավատացեք, ես չգիտեմ, թե ինչպես են աշխատում հերթապահները: Մոգերին պաշտոնապես չի թույլատրվում աշխատել հերթապահությունում: Ու երբ  Դանիելյանը կամ նրա պես մեկն ասում է “մեզ մոտ երևում է…”, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Դա կարող է լինել ապակե գունդ  (մեր ղեկավարությունից ամեն ինչ սպասելի է), ինչ-որ մեկի եղունգ կամ գերժամանակակից համակարգիչ հատուկ մոգական GPS-ով:
Ես թողեցի տան պատերն ու դուրս եկա: Եղանակը ցուրտ էր: Հագս ընդամենը սվիտր էր` բրդյա, բայց բարակ: Սովորականի պես հասցեն ստիպված եղա գտնել ինքս` հերթապահները չեն սիրում ասել կոնկրետ հասցեներ:  Իհարկե ես կարող եմ “հոտոտել” դեպքի վայրը…բայց ինչու՞, երբ ամեն ինչ կարելի է անել այլ կերպ: Ու ղեկավարությանն էլ պետք է բողոքել տրամադրվող ինֆորմացիայի մակերեսայնությունից: Ինչ է նշանակում` կա վամպիր կամ վամպիրներ: Իսկ եթե գնամ ու այնտեղ լինի իսկական վամպիրական երամ: Լավ է որ ես գիտեմ` խոսքը գնում է ընդամենն իմ հարևան Քաջիկ Լուսնավազի մասին, ով հիմա հավանաբար մոտակայքում է և գալիս է տուն… Ու ընդհանրապես` չի կարելի անհանգստացնել մարդկանց գիշերային ժամերին, եթե նույնիսկ այդ մարդիկ մոգեր են:
 Ես որսացի մոգական լարման ակտիվությունը 26 և 27 շենքերի հատվածում և քայլերս ուղղեցի  այդ կողմ: Վառեցի սիգարետ: Հավանաբար այդպիսի նյարդային վիճակս բացատրվում էր բորբոսների հետ մոտ շփումից, ուստի ես հեռու վանեցի բոլոր այդ մտքերն ու կենտրոնացա առաջադրանքի վրա: Սվիտրս լավ պաշտպանում էր կծող սառնամանիքից, բայց ես ամեն դեպքում շշնջացի արևի մասին մի քանի տող` մի թեթև տաքանալու համար: Ամեն դեպքում անհարմար կկլինի հասնել դեպքի վայր, շրջափակվել մի քանի դևերով ու մեռնել ցրտահարությունից` չհասցնելով տեղը տեղին կռվել: Չնայած այդ մտքերն էլ պայմանավորված էին անիծյալ բորբոսներով, քանի որ դեպքի վայրում ոչ մի դև էլ չտեսա…: Ես նայեցի շենքին ու փորձեցի գտնել “տագնապի կետը”, ինչպես սիրում են ասել հերթապահները: Այն տասնմեկերորդ հարկում էր: Որոշեցի բարձրանալ: Մոտեցա վերելակին: Դռները պատված էին կեղտի հաստ շերտով, որը լույսի միջով նայելիս ցույց էր տալիս նաֆսի, անտաղանդ անեծքների, զայրույթի, աղքատության և սովորական կենցաղային աղտոտությունների լայն ընտրանի: Լույսի միջով նայեցի նաև աստիճանավանդակին: Այն պատված էր սովորական էմոցիոնալ փոշիով: Հիմնականում փոշին բաղկացած էր հոգնածությունից` ոտքով երկար իջնել-բարձրանալու արդյունքն է, և վախից` առնետների և մթության: Ընտրեցի աստիճանավանդակը: Հարկերը տրվեցին հեշտ: Լեվիտացիայի տարրական հմտությունները թույլ են տալիս հաղթահարել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները շատ ու շատ ավելի հանգիստ: Չեմ հասկանում, թե ինչու այդ հմտությունները չեն դասավանդվում քաղաքացիների դպրոցներում:
 Դռան մոտ հասնելով ես նորից նայեցի լույսի միջով: Տեսարանն, այսպես ասեմ, դասագրքային չէր: Թոշակառու Նադեժդա Արմենի Երանոսովա: 73 տարեկան: Ունի երկու զավակ, հինգ թոռ: Ամուսինը մահացել է տասներեք տարի առաջ և հիմա ամուր գրկել է իր նախկին կնոջն ու խմում է նրա կյանքը: Մինչ ինչ-որ գործողությունների դիմելը ես լույսը գցեցի տան պատերի վրա` ամենուր բորբոսներ էին: Ես շշնջացի բանալու խոսքերն ու ներս մտա բնակարան արդեն մարմնով: Պառավը մեծ սենյակում էր: Բազմոցի առջև` փոքրիկ սեղանիկի վրա ցրված էին գույնզգույն քարտեր: Ինքը` թոշակառուն, ընկած էր գետնին` խռռացնելով և սառած աչքերը առաստաղին ուղղած: Ես նայեցի նրան լույսով: Ամուսնու ուրվականը նստած էր կողքն ու բռնել էր կնոջ ձեռքը:
-Հեռացի՜ր,-կարգադրեցի ես:
Ուրվականը չարձագանքեց: Դրանք այնքան հազվադեպ են ինչ-որ մեկին արձագանքում:
-Ես դիմում եմ քեզ բոլոր հողերի անունից, դիմում եմ քեզ բոլոր քամիների անունից, դիմում եմ քեզ բոլոր կրակների անունից, դիմում եմ քեզ բոլոր գետերի անունից, հեռացի՜ր:
Ուրվականը նայեց ինձ ու չար ժպտաց: Էլի արձագանք է: Փոքրիկ, բայց առաջին արձագանք: Արդեն հաղթանակ է: Ես բարձրացրեցի ձայնս:
-Հեռաացի՜ր,ասում եմ քեզ իմ ուժով, հեռացիր:
Այդ սուր ֆշշոցի մասին մեզ շատ են պատմել: Ոչ մի անկենդան էակ չի կարող այդպես ֆշշացնել, ինչպես հետ կանչված մարդու հոգին: Այդ ֆշշոցից ես փշաքաղվեցի: Ավելի անկեղծ` վախեցա: Ուրվականը նետվեց վրաս ու փորձեց բռնել ձեռքս: Ես հետ գնացի, ուրվականն անցավ իմ կողքով, բայց նորից պարզեց ձեռքն` ինձ բռնելու համար.
-Հեռացի՜ր, ես եմ ասում քեզ իմ ուժով:
Ես սկսեցի շշնջալ ինձ հասանելի ամենաուժեղ տողերը: Ուրվականը կատաղեց վերջնականապես ու նորից ցատկ կատարեց, բայց հաշվի չառավ պատասխան հարվածի հավանականանությունը: Ձեռքս պարզեցի արդեն ես: Մի քանի տող ևս ու ձեռքս մտցրեցի ուրվականի մեջ: Ֆշշոցը դարձավ անտանելի: Այն վերածվեց իսկական ճչի, ինչից դողացին ապակիները և փչացավ անջատված հեռուստացույցի դիոդներից մեկը: Ուրվականն անհետացավ: Ես սկսեցի ծափ տալ ու անցա տան բոլոր սենյակներով` անդադար շշնջալով պաշտպանիչ աղոթքներ: Ուրվականն այդպիսի վճռական գործողություններից հետո այլևս չէր վերադառնա:
Թոշակառուհին ուշքի եկավ դժվարությամբ: Սկզբում պետք եկան ապտակներ, մի քանի բուժիչ կնքումներ, իսկ վերջում սովորական սառը ջուր: Համոզված եմ, որ իզուր էի ժամանակ ծախսում ապտակների և կնքումների համար, պարզ, սառը ջուրն ամենալավ միջոցն է ինչ-որ մեկին գիտակցության բերելու համար:
-Ո՞վ եք դուք,-հարցրեց պառավն ուշքի գալով:
-Ես կգնամ, հենց համոզվեմ, որ դուք ձեզ լավ եք զգում:
-Իսկ…ի՞նչ է պատահել:
-Չե՞ք հիշում,-փորձեցի ես: Հիշում էր:
-Քարտերը…
-Ի՞նչ էիք ուզում անել դուք դրանցով:
-Ես…
-Ասացե՜ք,-պնդեցի ես:
-Ես ուզում էի իմանալ հաշիվը...
-Ի՞նչ:
-Իմանալ թե ինչքան է լույսի վարձը…սովորաբար ստացվում է կանչել լույսի մարդու շողքն ու հարցնել հաշիվը…
-Քաղաքացի…կան ախր ավելի հասարակ եղանակներ…
-Ինձ մոտ սովորաբար ստացվում է:
-Դուք գիտեք թե ով `էր եկել լույսի մարդու շողքի փոխարեն,-գոչեցի ես` ահագին թեթևացած: Փաստորեն հանգուցյալ կանչելն ընդամենը չհաջողված ծեսի արդյունք էր: Հիմար քաղաքացիներ:
-Ենթադրում եմ:
-Եթե ես հասնեի մի քիչ ուշ, նա ձեզ կտաներ իր հետ...Որտեղից ձեզ քարտերը:
-Դրանք դեռ մայրս ուներ…
-Չգիտեմ ով է եղել ձեր մայրը, բայց քարտերը ես վերցնում եմ…
-Ո՞վ եք դուք:
-Դուք շուտով կմոռանաք:
Ես դուրս եկա տնից: Իմ գնալուց մեկ րոպե անց 73-ամյա թոշակառուհի Նադեժդա Երանոսովան մոռացավ իր անհաջող կատարած մոգական ծեսի մասին և զգաց թույլություն սրտի հատվածում: Եվս երեք րոպե անց նրան այցելեցին իմ կողմից կանչված “Շտապ օգնության” բժիշկները: Նա տեղափոխվեց “Գրիգոր Նարեկացի” բժշկական կենտրոն, որտեղ այցելությունների ժամանակ հավաքվում էր ողջ նրա ընտանիքը` օգնելով վերականգնել հանգուցյալ ամուսնու կողմից տարված կենսական էներգիան:
Մոգական քարտերը ես վերցրեցի ինձ: Այդպիսի խաղալիքներով ավելի լավ է խաղան իմացողները…չնայած պետք կլինի ստուգել, թե ով է եղել այդ պառավի մայրը:
Հետ վերադառնալիս տեսա Քաջիկին: Նա մտնում էր շենք: Ինձ տեսնելով  աչքով արեց ու ցույց տվեց պալտոյի գրպանում պահած շիշը:
-Արի բարձրանանք, ինձ օգնի էս շշի հախից գանք, ես էլ մի քանի խորհուրդ կտամ բորբոսի դեմ պայքարելու համար, հը՞,-ասաց վամպիրը:
Ես բարձրացա նրա հետ:
Շարունակելի.