Պատերս բորբոսնել էին: Սովորական քաղաքացիների համար դա կարող
է ունենալ մահացու հետևանք կամ առհասարակ չունենալ հետևանք: Մոգի համար դա նշանակում
է մի բան` դեպրեսիա: Եթե երբևէ կարդացել եք մոգության հետ կապված գրականություն, ապա
կհիշեք, որ բորբոսները, փոշին, չօգտագործվող սարդոստայները և մի շարք այլ կենցաղային
անհարմարություններ հանդիսանում են էմոցիոնալ էներգիայի լուրջ կրիչներ: Այդ պատճառով
է ողջ տունս պատվում է սարդոստայնով
ուրախ խրախճանքից կամ վայրենի աղջկա հետ անցկացրած թեժ գիշերից
հետո: Իսկ այդպիսի գիշերների շարանից հետո ինձ համար սովորական են դառնում բորբոսնած
պատերը…Ոչ մի բան այդպես լավ չի պատկերում իմ խորագույն վիշտը, քան բորբոսնած
պատերս: Բորբոսները բացասական էներգետիկ դաշտ ունեցող մակերեսներ են: Հաճախ էլ օգտագործվում
են տարբեր տեսակի սև ծեսերի ընթացքում: Իսկ դրանց ամենազզվելի առանձնահատկությունը`
ստաբիլ ընկճվածություն առաջացնելն է: Չես կարող գտնել հանգիստդ և լիարժեք բեռնաթափվել
հոգսերից ու “դարդերից”, եթե տանդ պատերը բորբոսնած են: Սովորական քաղաքացիներից ոմանք
խիստ զգայուն են բորբոսների հանդեպ: Նրանք սովորաբար սկսում են հիվանդանալ, հյուծվել,
իսկ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող են նաև մահանալ: Իրականում խուճապի
մատնվելու կարիք չկա, քանի որ մեր ինստիտուտը հետևում է բորբոսի քաղաքային մակարդակին,
իսկ քաղաքացիների մեծամասնությունն այնուամենայնիվ անտարբեր է էմոցիոնալ այդպիսի գերնուրբ
գրգռիչների հանդեպ: Երբեմն ես նրանց նախանձում եմ:
Այդ երեկո զբաղված էի պատերս մաքրելով: Ասեմ ձեզ, դա բավական
տաղտկալի զբաղմունք է, ուստի եթե լսում եք մոգերի կողմից կատարվող տարբեր տեսակի հրաշքների,
action-ների ու հերոսությունների մասին, իմացեք նաև, որ այդ մոգերը ստիպված են լինում
սրբել իրենց բնակարանների պատերը ամեն քիչ թե շատ նշանակալից հուզական ապրումնից հետո:
Ես անդադար մրմնջում էի պաշտպանիչ քառյակներ, շշնջում էի խավարի կապերը քանդող և բացող
անեծքներ ու հին լաթի կտորով սրբում էի բորբոսնած պատերը, երբ զանգեց հեռախոսը: Առանց
նրա վրա նայելու ես զգացի, որ զանգն Ինստիտուտի կենտրոնից է: Վերցրեցի:
-Դու այդտեղ նորմա՞լ ես,-հարցրեց հերթապահ Դանիելյանի ձայնը:
-Ահա,-ասացի ես` դադարեցնելով շշուկներս:
-Իսկ մեզ մոտ ցույց է տալիս, որ դու պարանորմալ ես: Քո շենքի
տարածքում մոգական ակտիվության գործակիցը բարձր է նորմայից քսանութ անգամ:
-Մաքրություն եմ անում,-բացատրեցի ես` զարմանալով հերթապահի
կատարած բառախաղի վրա:
-Շատ ես կեղտոտել աչքիս,- ասաց Դանիելյանը,-բայց եռանդդ գովում
եմ, այն մեզ այս գիշեր պետք կգա…
-Ա՞…,-հերթապահի անսովոր սրամտությունն ինձ հաճելիորեն զարմացնում
էր:
-Քո տնից երկու թաղամաս հեռու կատարվում է իսկական գժություն:
Մեզ մոտ ցույց է տալիս, որ վտանգի տակ է գտնվում քաղաքացու կյանք: Ըստ որոշ…ըըը…ըստ
որոշ պատկերների` տարածքում կա վամպիր կամ վամպիրներ:
-Շնորհակալ եմ, Դան, դու ճիշտ ընտրություն ես արել, ինձ ես
զանգել, դու կեցցես,-ասացի ես` հույս ունենալով, որ արտասովոր սրամիտ Դանիելյանը կհասկանա
հեգնանքս: Սխալվեցի:
-Ես փորձում եմ օգտակար լինել…դե՞: Գրանցե՞մ քեզ:
-Գրանցիր, գրողը քեզ տանի:
Հավատացեք, ես չգիտեմ, թե ինչպես են աշխատում հերթապահները:
Մոգերին պաշտոնապես չի թույլատրվում աշխատել հերթապահությունում: Ու երբ Դանիելյանը կամ նրա պես մեկն ասում է “մեզ մոտ երևում
է…”, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Դա կարող է լինել ապակե գունդ (մեր ղեկավարությունից ամեն ինչ սպասելի է), ինչ-որ
մեկի եղունգ կամ գերժամանակակից համակարգիչ հատուկ մոգական GPS-ով:
Ես թողեցի տան պատերն
ու դուրս եկա: Եղանակը ցուրտ էր: Հագս ընդամենը սվիտր էր` բրդյա, բայց բարակ: Սովորականի
պես հասցեն ստիպված եղա գտնել ինքս` հերթապահները չեն սիրում ասել կոնկրետ հասցեներ: Իհարկե ես կարող եմ “հոտոտել” դեպքի վայրը…բայց
ինչու՞, երբ ամեն ինչ կարելի է անել այլ կերպ: Ու ղեկավարությանն էլ պետք է բողոքել
տրամադրվող ինֆորմացիայի մակերեսայնությունից: Ինչ է նշանակում` կա վամպիր կամ վամպիրներ:
Իսկ եթե գնամ ու այնտեղ լինի իսկական վամպիրական երամ: Լավ է որ
ես գիտեմ` խոսքը գնում է ընդամենն իմ հարևան Քաջիկ Լուսնավազի մասին, ով հիմա հավանաբար
մոտակայքում է և գալիս է տուն… Ու ընդհանրապես` չի կարելի անհանգստացնել մարդկանց գիշերային
ժամերին, եթե նույնիսկ այդ մարդիկ մոգեր են:
Ես որսացի մոգական
լարման ակտիվությունը 26 և 27 շենքերի հատվածում և քայլերս ուղղեցի այդ կողմ: Վառեցի սիգարետ: Հավանաբար այդպիսի նյարդային
վիճակս բացատրվում էր բորբոսների հետ մոտ շփումից, ուստի ես հեռու վանեցի բոլոր այդ
մտքերն ու կենտրոնացա առաջադրանքի վրա: Սվիտրս լավ պաշտպանում էր կծող սառնամանիքից,
բայց ես ամեն դեպքում շշնջացի արևի մասին մի քանի տող` մի թեթև տաքանալու համար: Ամեն
դեպքում անհարմար կկլինի հասնել դեպքի վայր, շրջափակվել մի քանի դևերով ու մեռնել ցրտահարությունից`
չհասցնելով տեղը տեղին կռվել: Չնայած այդ մտքերն էլ պայմանավորված էին անիծյալ բորբոսներով,
քանի որ դեպքի վայրում ոչ մի դև էլ չտեսա…: Ես նայեցի շենքին ու փորձեցի գտնել “տագնապի
կետը”, ինչպես սիրում են ասել հերթապահները: Այն տասնմեկերորդ հարկում էր: Որոշեցի
բարձրանալ: Մոտեցա վերելակին: Դռները պատված էին կեղտի հաստ շերտով, որը լույսի միջով
նայելիս ցույց էր տալիս նաֆսի, անտաղանդ անեծքների, զայրույթի, աղքատության և սովորական
կենցաղային աղտոտությունների լայն ընտրանի: Լույսի միջով նայեցի նաև աստիճանավանդակին:
Այն պատված էր սովորական էմոցիոնալ փոշիով: Հիմնականում փոշին բաղկացած էր հոգնածությունից`
ոտքով երկար իջնել-բարձրանալու արդյունքն է, և վախից` առնետների և մթության: Ընտրեցի
աստիճանավանդակը: Հարկերը տրվեցին հեշտ: Լեվիտացիայի տարրական հմտությունները թույլ
են տալիս հաղթահարել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները շատ ու շատ ավելի հանգիստ:
Չեմ հասկանում, թե ինչու այդ հմտությունները չեն դասավանդվում քաղաքացիների դպրոցներում:
Դռան մոտ հասնելով
ես նորից նայեցի լույսի միջով: Տեսարանն, այսպես ասեմ, դասագրքային չէր: Թոշակառու
Նադեժդա Արմենի Երանոսովա: 73 տարեկան: Ունի երկու զավակ, հինգ թոռ: Ամուսինը մահացել
է տասներեք տարի առաջ և հիմա ամուր գրկել է իր նախկին կնոջն ու խմում է նրա կյանքը:
Մինչ ինչ-որ գործողությունների դիմելը ես լույսը գցեցի տան պատերի վրա` ամենուր բորբոսներ
էին: Ես շշնջացի բանալու խոսքերն ու ներս մտա բնակարան արդեն մարմնով: Պառավը մեծ սենյակում
էր: Բազմոցի առջև` փոքրիկ սեղանիկի վրա ցրված էին գույնզգույն քարտեր: Ինքը` թոշակառուն,
ընկած էր գետնին` խռռացնելով և սառած աչքերը առաստաղին ուղղած: Ես նայեցի նրան լույսով:
Ամուսնու ուրվականը նստած էր կողքն ու բռնել էր կնոջ ձեռքը:
-Հեռացի՜ր,-կարգադրեցի ես:
Ուրվականը չարձագանքեց: Դրանք այնքան հազվադեպ են ինչ-որ
մեկին արձագանքում:
-Ես դիմում եմ քեզ բոլոր հողերի անունից, դիմում եմ քեզ բոլոր
քամիների անունից, դիմում եմ քեզ բոլոր կրակների անունից, դիմում եմ քեզ բոլոր գետերի
անունից, հեռացի՜ր:
Ուրվականը նայեց ինձ ու չար ժպտաց: Էլի արձագանք է: Փոքրիկ,
բայց առաջին արձագանք: Արդեն հաղթանակ է: Ես բարձրացրեցի ձայնս:
-Հեռաացի՜ր,ասում եմ քեզ իմ ուժով, հեռացիր:
Այդ սուր ֆշշոցի մասին մեզ շատ են պատմել: Ոչ մի անկենդան
էակ չի կարող այդպես ֆշշացնել, ինչպես հետ կանչված մարդու հոգին: Այդ ֆշշոցից ես փշաքաղվեցի:
Ավելի անկեղծ` վախեցա: Ուրվականը նետվեց վրաս ու փորձեց բռնել ձեռքս: Ես հետ գնացի,
ուրվականն անցավ իմ կողքով, բայց նորից պարզեց ձեռքն` ինձ
բռնելու համար.
-Հեռացի՜ր, ես եմ ասում քեզ իմ ուժով:
Ես սկսեցի շշնջալ ինձ հասանելի ամենաուժեղ տողերը: Ուրվականը
կատաղեց վերջնականապես ու նորից ցատկ կատարեց, բայց հաշվի չառավ պատասխան հարվածի հավանականանությունը:
Ձեռքս պարզեցի արդեն ես: Մի քանի տող ևս ու ձեռքս մտցրեցի ուրվականի մեջ: Ֆշշոցը դարձավ
անտանելի: Այն վերածվեց իսկական ճչի, ինչից դողացին ապակիները և փչացավ անջատված հեռուստացույցի
դիոդներից մեկը: Ուրվականն անհետացավ: Ես սկսեցի ծափ տալ ու անցա տան բոլոր սենյակներով`
անդադար շշնջալով պաշտպանիչ աղոթքներ: Ուրվականն այդպիսի վճռական գործողություններից
հետո այլևս չէր վերադառնա:
Թոշակառուհին ուշքի եկավ դժվարությամբ: Սկզբում պետք եկան
ապտակներ, մի քանի բուժիչ կնքումներ, իսկ վերջում սովորական սառը ջուր: Համոզված եմ,
որ իզուր էի ժամանակ ծախսում ապտակների և կնքումների համար, պարզ, սառը ջուրն ամենալավ
միջոցն է ինչ-որ մեկին գիտակցության բերելու համար:
-Ո՞վ եք դուք,-հարցրեց պառավն ուշքի գալով:
-Ես կգնամ, հենց համոզվեմ, որ դուք ձեզ լավ եք զգում:
-Իսկ…ի՞նչ է պատահել:
-Չե՞ք հիշում,-փորձեցի ես: Հիշում էր:
-Քարտերը…
-Ի՞նչ էիք ուզում անել դուք դրանցով:
-Ես…
-Ասացե՜ք,-պնդեցի ես:
-Ես ուզում էի իմանալ հաշիվը...
-Ի՞նչ:
-Իմանալ թե ինչքան է լույսի վարձը…սովորաբար ստացվում է կանչել
լույսի մարդու շողքն ու հարցնել հաշիվը…
-Քաղաքացի…կան ախր ավելի հասարակ եղանակներ…
-Ինձ մոտ սովորաբար ստացվում է:
-Դուք գիտեք թե ով `էր եկել լույսի մարդու շողքի փոխարեն,-գոչեցի
ես` ահագին թեթևացած: Փաստորեն հանգուցյալ կանչելն ընդամենը չհաջողված ծեսի արդյունք
էր: Հիմար քաղաքացիներ:
-Ենթադրում եմ:
-Եթե ես հասնեի մի քիչ ուշ, նա ձեզ կտաներ իր հետ...Որտեղից
ձեզ քարտերը:
-Դրանք դեռ մայրս ուներ…
-Չգիտեմ ով է եղել ձեր մայրը, բայց քարտերը ես վերցնում եմ…
-Ո՞վ եք դուք:
-Դուք շուտով կմոռանաք:
Ես դուրս եկա տնից: Իմ գնալուց մեկ րոպե անց 73-ամյա թոշակառուհի
Նադեժդա Երանոսովան մոռացավ իր անհաջող կատարած մոգական ծեսի մասին և զգաց թույլություն
սրտի հատվածում: Եվս երեք րոպե անց նրան այցելեցին իմ կողմից կանչված “Շտապ օգնության”
բժիշկները: Նա տեղափոխվեց “Գրիգոր Նարեկացի” բժշկական կենտրոն, որտեղ այցելությունների
ժամանակ հավաքվում էր ողջ նրա ընտանիքը` օգնելով վերականգնել հանգուցյալ ամուսնու կողմից
տարված կենսական էներգիան:
Մոգական քարտերը ես վերցրեցի ինձ: Այդպիսի խաղալիքներով ավելի
լավ է խաղան իմացողները…չնայած պետք կլինի ստուգել, թե ով է եղել այդ պառավի մայրը:
Հետ վերադառնալիս տեսա Քաջիկին: Նա մտնում էր շենք: Ինձ տեսնելով
աչքով արեց ու ցույց տվեց պալտոյի գրպանում
պահած շիշը:
-Արի բարձրանանք, ինձ օգնի էս շշի հախից գանք, ես էլ մի քանի
խորհուրդ կտամ բորբոսի դեմ պայքարելու համար, հը՞,-ասաց վամպիրը:
Ես բարձրացա նրա հետ:
Շարունակելի.
Комментариев нет:
Отправить комментарий